Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վրաստանի վերջին նախագահական ընտրությունները

Վրաստանի վերջին նախագահական ընտրությունները
28.10.2018 | 15:20

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում անցկացվում են վերջին համապետական նախագահական ընտրությունները: Նախագահը կընտրվի 6 տարով: ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որ ունի նաև իշխող կուսակցության աջակցությունը, համարվում է ընտրությունների ֆավորիտը: Զուրաբիշվիլիի գլխավոր մրցակիցները ընդդիմադիր թեկնածուներ են, որ նույնպես նախարարական պորտֆելներ են ունեցել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարությունում: Նոր Սահմանադրության համաձայն, որ սկսելու է գործել նախագահի պաշտոնակալությունից հետո, նորընտիր նախագահի իրավասությունները սահմանափակվելու են: Ընդդիմության ու իշխող կուսակցության համար այս ընտրությունները կարևոր տեստ են, որ նշանակալից չափով երևակում են 2020-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նոր նախագահը կփոխարինի Գեորգի Մարգվելաշվիլիին, որ պաշտոնավարում է 2013-ից: Նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը նաև կնշանավորի Վրաստանի անցումը կառավարման խորհրդարանական մոդելին: Հաջորդ նախագահին 2024-ին կընտրի 300 պատգամավորից կազմված ընտրական կոլեգիան:


Նոր Սահմանադրությամբ նախագահը շարունակում է մնալ պետության գլուխը և ներկայացնում է երկիրը միջազգային ասպարեզում` զգալիորեն սահմանափակ իրավասություններով: «Քաղաքական ուժերը այս ընտրությունները համարում են գլխավոր փորձ խորհրդարանական ընտրություններից առաջ և ձգտում են ներգործել քաղաքական մթնոլորտի վրա, հասարակությանը ցույց տալ, որ իրենք փոփոխությունների և խորհրդարանական ընտրություններում իրենց դիրքերն ամրապնդելու ռեալ ուժ ունեն»` ասում է միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Գոբրոնիձեն: Ընդդիմադիր որոշ թեկնածուներ հաղթանակի դեպքում մտադիր են հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բայց, Գոբրոնիձեի խոսքով` նոր Սահմանադրության պայմաններում լուծարել խորհրդարանը, որտեղ իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի, նախագահի համար հեշտ չի լինի: «Նախագահի իրավասությունները, այդ թվում` խորհրդարանի լուծարման, ավելի շուտ նոմինալ են: Այդ պատճառով խնդիրն այն է, որ ընդդիմադիր նախագահը լինի ժողովրդական առաջնորդ և արդեն ժողովրդի հետ իշխանությանը պարտադրի արտահերթ ընտրություններ»` ասում է Գոբրոնիձեն: Խարիզմատիկ թեկնածուներ, որ կարող էին դառնալ ժողովրդական առաջորդներ, այսօրվա ընդդիմադիր թեկնածուների մեջ, նրա գնահատականով, չկան: Թեպետ նախորդ իշխանության ներկայացուցիչները, որ այսօր ընդդիմադիր են, ունեն հեղափոխության փորձ, հասարակության մեջ քաղաքական ճգնաժամերի ձգտում չկա: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընտրողների ձայների 50%-ից ավելին: Եթե ոչ մի թեկնածու այդքան ձայն չհավաքի, կկայանա երկրորդ փուլը: Ընտրություններում գրանցվել է նախագահի 25 թեկնածու: Նախագահության թեկնածուները համարյա կրկնակի շատ էին, բայց նրանց գրանցումը տարբեր պատճառներով մերժվեց: 25 թեկնածուներից 19-ին առաջադրել են կուսակցությունները, 6-ին նախաձեռնող խմբերը: Սալոմե Զուրաբիշվիլին, որ պորտֆել ուներ Սահակաշվիլիի կառավարությունում, համարվում է ֆավորիտ: Թեկնածուների թվում և փորձառու քաղաքական գործիչներ են, և լայն հասարակությանը քիչ հայտնի անձինք:

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը 2016-ի նախագահական ընտրություններում ստացավ խորհրդարանի 150 մանդատից 115-ը: Բայց նախագահական ընտրություւններում կուսակցությունը իր թեկնածուին չառաջադրեց, այլ աջակցություն հայտնեց անկախ թեկնածու, ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին: Նա ուներ իշխող կուսակցության աջակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններում իբրև մեծամասնական թեկանածու և շատերը նրան անկախ թեկնածու են համարում միայն ձևականորեն: Նրա գլխավոր մրցակիցը ենթադրաբար լինելու են «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն և «Եվրոպական Վրաստան-Ազատության շարժման» ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն: Նրանք ևս եղել են ԱԳ նախարար Սահակաշվիլիի կառավարությունում:


Նախընտրական պայքարը Վրաստանում լարված էր: Ընտրոթյունների նախօրեին «Ռուսթավի-2» հեռուստաալիքը սկսեց հրապարակել գաղտնի տեսագրություններ, որ կասկածներ հարուցեցին իշխանության ներկայացուցիչների կոռուպցիայում ու անօրինական գործարքներում ընդգրկվածության մասին: Բացի տեսագրություններից` հեռուստաեթերը լցված էր թեկնածուների տեսահոլովակներով և նրանք քննադատում, հաճախ էլ ծաղրում էին ընդդիմախոսներին: Թեկնածուների ծրագրերի քննարկումը շատ ավելի քիչ էր: Ամենաշատ քննադատվողը իշխող կուսակցության աջակցությունը ստացած ու Ֆրանսիայում ծնված Զուրաբիշվիլին էր` նրան սոցիալական ցանցերում ծաղրում էին սխալների համար, որ թույլ է տալիս վրացերեն խոսելիս: Նրա ելույթներից հատվածները, որտեղ լեզվի սայթաքումներ են հնչում, իրենց նախընտրական տեսահոլովակում օգտագործել էր Գրիգոլ Վաշաձեն: Շատ ավելի լուրջ մեղադրանքներ Զուրաբիշվիլիի հասցեին հնչեցին նրա հայտարարություններից հետո, որտեղ թեկնածուն նախորդ իշխանություններին պատասխանատու էր համարում 2008-ի օգոստոսի պատերազմի համար:


«Եվրոպական Վրաստանը» Զուրաբիշվիլիին հիշեցրեց իր 10 տարի առաջ հրապարակված գիրքը, որից հատվածներ էր օգտագործողում ռուսական կողմը ՄԱԿ-ի միջազգային դատարանում: 2011-ին ՄԱԿ-ի դատարանը վճռեց, որ Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայտը չի համապատասխանում իր իրավասություններին:
Գրիգոլ Վաշաձեին ընդդիմախոսները մեղադրում են ռուսամետ տրամադրությունների մեջ: Փողոցներում նույնիսկ հայտնվեցին սատիրական պլակատներ, որ պատկերում էին Վաշաձեին ՌԴ նախագահի գրկում ու Անվտանգության դաշնային ծառայության դրոշով: Հայտարարությունը, որ Ռուսաստանը իր կյանքի մասն է, օգտագործվեց նրա վարկաբեկման համար` իբրև ռուսամետ գործչի:


Չնայած աշխույժ ընտրարշավին, քաղաքագետները կասկածում են, որ ընտրություններին մասնակցությունը բաձր կլինի: Հիմա Վրաստանում քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ և թեկնածուների ընտրարշավը միայն նպաստում է ընտրողների պասիվությանը` գտնում է Գոբրոնիձեն: «Մենք տեսնում ենք, որ նրանք դիմում են միմյանց հետ պայքարի ցանկացած մեթոդի, իսկ դա ի վերջո հասարակության աչքում վարկաբեկում է ոչ միայն իշխող կուսակցությանը, այլև ընդդիմադիր թեկնածուներին»` ասում է փորձագետը: Վարչապետ Մամուկա Բախտաձեն ընտրողներին կոչ արեց մասնակցել ընտրություններին ու վստահություն հայտնեց, որ հոկտեմբերի 28-ը կդառնա «Վրաստանում ժողովրդավարության հաղթանակի հերթական օրը»: «Մենք թույլ չենք տա որևէ անպատասխանատու քաղաքական ուժի դիսոնանս մտցնել ընտրական գործընթացում»` խոստացավ վարչապետը: Նա ճճշտեց` ում նկատի ունի ապակառուցողական ուժ ասելիս, բայց որպես կանոն այդօրինակ մեղադրանքների հասցեատերը նախկին նախագահ Սահակաշվիլին ու նրա կուսակցությունն են: Քաղաքագետների կարծիքով` կոշտ միջամտության կամ կոպիտ խախտումների իշխանությունները չեն դիմի: Երկրում քաղաքական ուժերի նկատմամբ ցածր վստահության պարագայում իշխող կուսակցությունը, որ տիրապետում է և ֆինանսական, և վարչական ռեսուրսների, արդեն առավելություն ունի ընդդիմադիր կուսակցությունների համեմատությամբ:
BBC


Հ.Գ. Վրաստանն այսօր նախագահ է ընտրում: Իրոք այս ընտրությունները կարող են 2020-ի խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի դասավորությունը ներկայացնել: Իսկ Վրաստանի հետ կապված ամեն ինչ Հայաստանի համար կարևոր է, առավելևս Վրաստանի իշխանության հարցը: Եվրոպական կողմնորոշումը Վրաստանում այլևս որակվում է անդառնալի, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել: Ռուս-վրացական հարաբերություններում փոփոխությունները մեզ համար հատկապես կարևոր են` նկատի ունենալով երկաթուղու վերագործարկման հնարավորությունը, որ Հայաստանին խոստացված էր դեռ 2013-ին, երբ անդամակցում էր Մաքսային միությանը: Եվ վերջապես` Վերին Լարսի խնդիրը, որ ամառը փակ է քարաթափման, ձմեռը` ձնահոսքի պատճառով: Հիմնականում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ